Դժվար չէր կանխատեսել, որ ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունից անմիջապես հետո առաջին պլան է մղվելու նոր վարչապետի հարցը, ինչը դառնալու է քաղաքական դաշտի առաջիկա մեկ ամսվա գլխավոր թեման։ Որքան էլ այդ հարցի շուրջ ինտրիգը պահպանվում է, քանի որ պաշտոնական որևէ հայտարարություն այս կապակցությամբ դեռևս չի հնչել, Սերժ Սարգսյանն էլ չի շտապում հայտարարել իր ապագա գործունեության մասին, այնուամենայնիվ, վերջին մեկ ամսվա ընթացքում ապագա վարչապետի թեմայով արվող ակնարկներն ու իրականացվող գործողությունները հիմքեր են տալիս ենթադրելու, որ այդ հարցի շուրջ որոշակիություն կա։
Դատելով այն հանգամանքից, թե ինչ լիազորություններ են տրվում ապագա վարչապետին, ինչպես է իրեն դրսևորում Սերժ Սարգսյանը, ինչ վարքագիծ են ցուցաբերում հանրապետականները, շատ փորձագետների մեջ հիմնավոր վստահություն է արմատավորվում, որ կարծես թե ապագա վարչապետը, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն է։ ՈՒ եթե մինչև չորրորդ նախագահի ընտրությունն ամեն ինչ սահմանափակվում էր ակնարկներով, վերլուծություններով, ենթադրություններով, ապա սկսած ինչ-որ փուլից հասկանալի է դառնում, որ իշխանության գերնպատակը հիմնավորումներ գտնելն է թե ինչու վարչապետի թեկնածուի շուրջ որոշումը պետք է լինի հօգուտ Սերժ Սարգսյանի։
Եվ այսպես՝ մուտք ենք գործում հիմնավորումների փուլ։
Սա Սերժ Սարգսյանի համար, թերևս, ամենազգայուն հարցերից մեկն է։ Ի վերջո նա պետք է բացատրի, թե ինչու է վերանայվում 2014 թվականի հայտնի հայտարարությունը, թե ինքը այլևս չի հավակնելու ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնին, և ընդհանրապես երրորդ անգամ երկրի նախագահ դառնալը ցանկացած մարդու համար սխալ որոշում է։ Ընդ որում՝ 2014-ի հայտնի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով վերջերս օրական մի քանի անգամ հնչեցվում էր խորհրդարանի բարձր ամբիոնից։
Իհարկե, կարկառուն հանրապետականները վերջին օրերին փորձում են իրար հերթ չտալով հիմնավորումներ բերել, սակայն նրանց փաստարկները շատ պարզունակ են։ Սերժ Սարգսյանին համեմատում են դը Գոլի, Չերչիլի հետ։ Գործը նույնիսկ հասավ նրան, որ եթե նախկինում ՀՀԿ-ականներն ամեն վայրկյան շեշտում էին, թե Սերժ Սարգսյանն իրենց առաջնորդն է, և վերջինս ոնց ասի, այնպես էլ կլինի, հանկարծ սկսեցին հայտարարել, որ նա շարքային հանրապետական է և իր անձնական ամբիցիաները մի կողմ պետք է դնի ու անվերապահորեն ենթարկվի կուսակցական կարգապահությանն ու որոշումներին։ Այս փաստարկները, իհարկե, շատ անլուրջ են, ոչ համոզիչ։ Նման մոտեցումն ավելի շատ վնասում է Սերժ Սարգսյանին, քան օգնում։
Մենք թևակոխում ենք մի փուլ, որտեղ ավելի լուրջ պատճառաբանություններ են անհրաժեշտ։ Որո՞նք կարող են լինել այն փաստարկները, որ կհիմնավորեն Սերժ Սարգսյանի ապագա վարչապետությունը։
Ակնհայտ է, որ դրանք չեն կարող լինել տնտեսական բնույթի։ Դրա վառ ապացույցն է այն, որ Սերժ Սարգսյանը սոցիալ-տնտեսական թեմաների շուրջ խորհրդակցություն հրավիրելիս հանրությանը և վարչական-իշխանական ապարատին հղեց կարևորագույն ուղերձ. գործող վարչապետին տնտեսական արդյունքից ելնելով պաշտոնանկ անելու որևէ հիմք չկա։ Ընդհակառակը՝ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց ցույց տալու համար, որ ներկա կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ բավականին լուրջ արդյունքների է հասել։ Այնպես որ՝ հիմնավորումների շարքում խոսք չի կարող լինել կառավարության կողմից աշխատանքը տապալելու, տնտեսական ցածր ցուցանիշներ արձանագրելու մասին։
Այս հարցը բացառելուց հետո, թերևս, մնում է միայն ներքին ու արտաքին անվտանգության ապահովման հարցը, ինչը բխում է նոր սահմանադրությունից։ Մայր օրենքով վարչապետը, բացի տնտեսական հարցերից, պետք է զբաղվի նաև անվտանգության, պաշտպանության, արտաքին քաղաքական հարցերով։ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցի հիմնավորումները հիմնականում ծավալվելու են այս համատեքստում։ Եվ արդեն իսկ այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում։ Ընդ որում, անվտանգության ապահովման շուրջ բացատրությունները վերաբերելու են թե ներքին, թե արտաքին հարցերին։
Փորձագետներից շատերը պատահական չեն համարում այն փաստը, որ վերջին կես ամսում բավականին ակտիվ շրջանառվում էր քուրդ ահաբեկիչների՝ Հայաստան մուտք գործելու թեման։ Ընդ որում` դա արվում էր տեղեկատվական արտահոսքերի մակարդակով ու կազմակերպված բնույթ ուներ։ Նույնիսկ նշվում էին նրանց թիվն ու տեղակայման վայրը՝ մեկ Գյումրի, մեկ՝ Գորիս։ Սակայն այսքանով հանդերձ զարմանալիորեն չէին կարողանում հայտնաբերել նրանց։ Ակնհայտորեն որոշակի մթնոլորտ է ստեղծվում, թե երկրի ներսում կա անվտանգության խնդիր, և բնականաբար այդ շեշտադրումը դառնում է առաջնային։ Եվ այս պայմաններում հարց է առաջանում՝ ո՞վ կարող է այդ հարցերը լուծել, եթե ոչ Սերժ Սարգսյանը, մարդ, որը տասնամյակներով զբաղվել է այդ ոլորտով, թրծված է և այլն։
Երկրորդ հիմնավորումը Հայաստանի՝ արտաքին վտանգի առջև կանգնած լինելու փաստը շրջանառելն է։ Գույներն ավելի են խտանում Հայաստանի, մասնավորապես, Երևանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի հնչեցրած նկրտումների համատեքստում։ Հասկանալի է, որ նման հայտարարությունները մեծացնում են լարվածությունը, դա ցույց է տալիս, որ երկիրն արտաքին վտանգի առջև է կանգնած. հակամարտությունն արդեն ոչ միայն Արցախի շուրջ է, այլև թիրախավորված են մայրաքաղաքն ու մարզերը։ Այս պայմաններում ո՞վ պետք է ապահովի երկրի անվտանգությունը, իհարկե՝ նույն Սերժ Սարգսյանը։
Այսպիսով, արդեն իսկ կան ներքին անվտանգության, կայունության, պաշտպանության, ինչպես նաև արտաքին անվտանգության խնդիրներ, որտեղ դարձյալ երևան է գալիս Սերժ Սարգսյանի արդիականացման հարցը։
Երրորդ մարտահրավերը, որ կա այս պահին, տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակն է։ Ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ շատ գերտերությունների շահեր են բախվում։ Եվ ակնառու է դառնում, որ այդ հակամարտություններում գուցե գերտերությունները ցանկանան որոշակի դերակատարում վերապահել նաև Հայաստանին։ Այս պայմաններում, բնականաբար, պետք է ունենալ վարչապետ, որը պետք է փորձված լինի նման բանակցություններում։ Եվ ո՞վ կարող է այս հարցերում գլուխ հանել, եթե ոչ գործող նախագահը։
Հայ-ռուսական հարաբերությունների և Ռուսաստան-Արևմուտք բարդ կապերի հարթությունում առաջանում է իրավիճակը ղեկավարելու խնդիրը։ Առավել ևս չի բացառվում, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները անդրադառնան նաև Հայաստանի կողմից Ռուսաստանից զենք-զինամթերք ձեռք բերելու գործընթացի վրա։ Բնականաբար, այստեղ առաջ է գալիս Սերժ Սարգսյանի անփոխարինելիության ևս մեկ հիմնավորում։
Այսպիսով՝ այս պահին առկա են ներքին, արտաքին անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության հետ կապված 3-4 առանցքային կետեր, որոնք էլ առաջիկայում ավելի շեշտադրված կհնչեցվեն։ Տնտեսությունը կստորադասվի այս խնդիրներին, և բնականաբար կստեղծվեն չափորոշիչներ, համապատասխան մթնոլորտ, ու այդ ֆոնին առաջ կմղեն անհրաժեշտ մարդուն։ Այս պարագայում, իհարկե, անլուրջ կհնչեն հանրապետականների համեմատությունները չերչիլների հետ, և անցում կկատարվի ավելի լուրջ հիմնավորումների փուլի։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ